ՀՀ նախագահն ընդունել է «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադրին

Armenpress 15:25, 11 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է գերմանական հայտնի «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերին: Ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում՝ ակտիվացնելու ներդրումների ներգրավումը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը Ուլֆ Շնայդերը հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել «Լիսաբոնից Վլադիվոստոկ» կոչվող նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն նպատակ ունի սերտացնել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև տնտեսական կապերն ու համագործակցությունը: Նա առաջարկել է նախաձեռնության կոնֆերանսը հաջորդ տարի կազմակերպել Հայաստանում:«Հայաստանը Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև լավ կամուրջ է: Ինքս մասնակցում էի այս ամռանը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողովին», ոգեշնչված եմ այդ համաժողովով, և կարծում եմ՝ Հայաստանը լավ վայր է այս միջոցառումը հյուրընկալելու համար»,-նշել է Շնայդերը: Նա տեղեկացրել է, որ օրերս Բրյուսելում կայացել է նախաձեռնող խմբի հանդիպումը, որին մասնակցել են ինչպես Եվրոպական հանձնաժողովի, այնպես էլ ԵԱՏՄ ներկայացուցիչներ:

Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել նման նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել միջոցառման իրականացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am