Կանադայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Սիրիայում Թուրքիայի գործողությունները

Armenpress 21:26, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Թուրքիայի զորքերի ներխուժումը Սիրիա և միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Թուրքիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստիա Ֆրիլանդը «Թվիթերի» իր էջում գրել էր, որ Կանադան դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա:

«Մենք կոչ ենք անում պաշտպանել քաղաքացիական անձանց, բոլոր կողմերին՝ հարգել իրենց պարտականությունները՝ միջազգային օրենսդրության համաձայն»,- նախօրեին գրել էր Ֆրիլանդը:

Ավելի վաղ, Հայ դատի հանձնախումբը նամակ էր ուղարկել Օտտավայում գտնվող նախարար Ֆրիլանդին և ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսին ՝ արտահայտելով իր խորը անհանգստությունը ՝ կապված Սիրիայից ամերիկյան զորքերի հանկարծակի հեռացման հետ:

Ըստ Կանադայի Հայ դատի հանձնախմբի համանախագահներ Հրագ Թարագջյանի և Շահեն Միրաքյանի՝ ԱՄՆ-ն իր զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշմամբ լքել է տարածաշրջանում իր իսկ դաշնակիցներին, ինչպես նաև էթնոկրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին, ովքեր դարեր շարունակ Սիրիան իրենց տունն են համարել:

«Էրդողանին չի կարելի վստահել, և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի»,- նշել է Միրաքյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am