1000х90.jpg (78 KB)

Տարբեր կողմերի շահերի համընկնումն օգնեց Թուրքիային կյանքի կոչել իր վաղեմի ծրագիրը

Armenpress 20:45, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան սկսել է իր «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայում: Անկարան հայտարարում է, որ իր նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի և ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմաններ»։ Իրականում, ի՞նչ խնդիրներ է հետապնդում Թուրքիան և ի՞նչ գործոններ են ընկած այս որոշման հիմքում:

Թուրքիայի գլխավոր նպատակը սիրիական տարածքների օկուպացիան է

Սիրիական հակամարտության ողջ ընթացքում Թուրքիայի դերակատարումն ու ռազմական միջամտությունները («Եփրատի վահան», «Ձիթապտղի ճյուղ» ռազմական գործողությունները և այլն) հստակ փաստում են, որ Անկարայի գլխավոր հեռահար նպատակը Թուրքիային սահմանակից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիան է և քրդական խնդրի կամ քրդական սպառնալիքի (քրդական պետության կամ քրդական որևէ ինքնավար միավորի ստեղծում) վերացումը: Եվ իր կողմից հայտարարվող անվտանգության գոտում փախստականների վերաբնակեցումը և նրանց հավանական թուրքացումը նպատակ է հետապնդում օրինականացնել այդ օկուպացիան:

Երբ առկա է շահերի համընկնում բոլոր կողմերից…

Սիրիայի հյուսիսում համատեղ գործողությունների կառավարման օպերատիվ կենտրոն ստեղծելու մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի որոշումը, ապա նաև թուրք-սիրիական սահմանակից տարածքներից ամերիկյան զորքերը տեղափոխելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը Թուրքիային հերթական ռազմական գործողությունն իրականացնելու ակնհայտ «թույտվություն» էին, որին Անկարան երկար էր սպասել:

ԱՄՆ-ի որոշման հիմքում ընկած դրդապատճառներին անդրադառնալիս պետք է առանձնացնել հատկապես հետևյալ երկուսը.

Այս քայլով Թրամփը հավատարիմ է մնում իր նախընտրական խոստմանն առ այն, որ ԱՄՆ-ը անմիջական ներգրավվածություն չի ունենալու այլ տարածաշրջանների հակամարտություններում՝ վտանգի չենթարկելով ամերիկյան զինվորների կյանքը: Անմիջական ներգրավվածություն չունենալով այլ տարածաշրջանների հակամարտություններում՝ ԱՄՆ-ը փնտրում է ուժեղ դաշնակիցներ, որոնք իրենց վրա կվերցնեն «պատասխանատվության հիմնական բեռը»: Եվ այս դեպքում, Թուրքիան, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, պարտավորվել է իր վրա վերցնել Սիրիայում ԻՊ-ի զինյալների խնդիրը, ինչը ԱՄՆ-ը մեծ գլխացավանք է համարում:

Միևնույն ժամանակ, Աստանայի վերջին գագաթնաժողովից հետո ակնհայտ էր, որ Իրանն ու Ռուսաստանը ևս պատրաստ են ձեռնպահ մնալ Թուրքիային խոչընդոտելուց, եթե վերջինս համաձայնի նպաստել Իդլիբի խնդրի հանգուցալուծմանը, ինչն այս պահին կարևոր նշանակություն ունի Մոսկվայի և Թեհրանի համար: Ընդ որում, այս երկու երկրների համար իրադարձությունների զարգացման ամենանախընտրելի սցենարը կլինի այն, որ քրդկան ուժերը համաձայնության գան պաշտոնական Դամասկոսի հետ:

Ի դեպ, լրատվամիջոցներում առկա տեղեկատվության համաձայն՝ այս օրերի սիրիական իշխանությունների և քրդական ուժերի միջև բանակցություններն ավելի են ակտիվացել, և Դամասկոսը ուժեր է կուտակում Դեր Զորի և Մանբիջի շրջանում քրդական ուժերին հնարավոր աջակցության համար:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին և եվրոպական երկրներին, որոնց դերակատարումը սիրիական հակամարտության համատեքստում վերջին շրջանում էականորեն թուլացել է, ապա նրանց կողմից հնչող համատարած քննադատությանն ի պատասխան՝ Թուրքիան սպառնում է իր երկրում գտնվող 3,6 միլիոն փախստականների առջև բացել դեպի Եվրոպա դռները: Սա նշանակում է, որ ԵՄ երկրների գործողությունները դժվար թե քննադատությունից այն կողմ անցնեն:

Իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը մեծապես պայմանավորված կլինի տարբեր գործոններով: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այս անգամ Թուրքիան փորձելու է առավելագույնս օգտագործել իրեն ընձեռված հնարավորությունը, որը կարող է վերջինը լինել:

 

Արփինե Հովսեփյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am