Փոփոխություն կմտցվի գույքի գրանցման ժամանակ Կադաստրի կոմիտե ներկայացվող փաստաթղթերի ցանկում

Armenpress 13:33, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ցանկանում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում Կադաստրի կոմիտե ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանել սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագիծը հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը:

«Փոփոխությունով առաջարկվում է ավարտված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ կառուցապատողի կողմից անհրաժեշտ ներկայացման փաստաթղթերի ցանկից դուրս բերել սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը: Նախագիծն ունի երկու կոմպոնենտ. առաջին՝ արդյոք նման պարտավորությունը պետք է մնա սուբյեկտի վրա, դրա պատասխանը բացասական է, բայց արդյոք պետական գրանցման ժամանակ անհրաժեշտ է ունենալ սահմանված կարգով հաստատված նախագիծը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում կատարելու համար, այդ հարցի պատասխանը դրական է: Կադաստրի կոմիտեն առաջարկում է ոչ թե կետային լուծում և ոչ թե այս հոդվածի շրջանակներում, այլ կոմպլեքս փոփոխություն: Պետք է ավելի գլոբալ փոփոխություններ անցկացնել, և ազատել սուբյեկտին նախագիծ ներկայացնելու պարտավորությունից»,- ասաց Կարախանյանը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը պետք է հանել պահանջների ցանկից, որովհետև Կադաստրի կոմիտեն տեսչական մարմնի դեր չի կարող ստանձնել, այն գրանցող մարմին է և ստուգման աշխատանքներ չի կարող իրականացնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am