Մեկնարկեց Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացման խորհրդաժողովը

Armenpress 12:58, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում հոկտեմբերի 10-ին  մեկնարկեց Հայկական առևտրային ցանցի Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, այն իրականացվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ: Հայաստան-սփյուռք գործարար կապերի ամրապնդման, Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը քննարկելու համար համաժողովին գրանցվել են 197 մասնակիցներ, որոնցից 110-ը 25 տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ գործարարներ են:

Բացման խոսքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ պատմության ընթացքում հայերը գլոբալ առևտրային ազգ են համարվել, ցանցեր են ստեղծել Սինգապուրից մինչև Վենետիկ, Կահիրեից մինչև Ամստերդամ: «Եվ ահա այս նույն  տրամաբանությամբ այսօրվա միջոցառումը մի հարկի տակ է հավաքել հաջողակ գործարարների աշխարհի տարբեր ծայրերից՝ հիանալի հնարավորություն ստեղծելով Հայաստանի և սփյուռքի գործարար համայնքների միջև նոր կամուրջներ ստեղծելու համար: Այսօր Հայաստանի իշխանությունը ստանձնել է ներառական, նորարարական և տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն կառուցելու հանձնառությունը»,-իր խոսքում ընդգծեց Տիգրան Ավինյանը:

Ողջունելով ներկաներին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց Հայկական առևտրային ցանցի գործունեությունը, որն իր ստեղծման օրվանից ի վեր վերածվել է հայ գործարարների միջև փորձի փոխանակման, համատեղ փոխշահավետ կապերի ստեղծման և ընդլայնման, ինչպես նաև հայրենիքում նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հարթակի: «Այսօր, հարյուրավոր սփյուռքահայ գործարարներ, տարբեր ոլորտների անհատ մասնագետներ, ինչպես նաև համահայկական կառույցներ իրենց կարևոր ներդրումն են բերում Հայաստանի զարգացման գործին՝ փորձելով դեպի Հայաստան ուղղել իրենց ֆինանսական, գիտական ու գաղափարական միջոցներն ու կառավարչական հմտությունները: Համոզված եմ, որ մեր համազգային ներուժը, որն ահռելի է,  թույլ կտա օրեցօր փոխել ու նոր մակարդակի հասցնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, մասնավորապես բիզնես ոլորտում»,-ասաց Գլխավոր հանձնակատարը: Նա նաև նշեց, որ նպատակ է Հայաստանը դարձնել այն կենտրոնը, որտեղ սփյուռքահայ գործարարն առանց որևէ խոչընդոտի կկարողանա կյանքի կոչել իր բիզնես գաղափարները:

Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհրդի նախագահ Հրաչ Գասպարը շեշտեց, որ այսօր սփյուռքի մեջ ձևավորված բոլոր գործարարար հասարակական կազմակերպությունները համախմբված են ՀԱՑ-ի ընդհանուր առաքելության շուրջ: «Համաշխարհայի գործարար ցանցը կարող է անգնահատելի արժեք ներկայացնել թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի համայքներում»,-հավելեց Հրաչ Գասպարը:

Ելույթ ունեցավ նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Այժմ խորհրդաժողովը շարունակվում է չորս նիստերով՝ քննարկելով Հայաստանի տնտեսական զարգացման գործին սփյուռքի մասնակցությունը, Հայաստան-սփյուռք բիզնես օրակարգի արդյունավետության բարձրացումը, առկա նոր հնարավորությունները, Հայաստանն ավելի նորարարական դարձնելու հեռանկարները:

Անցկացվում է նաև մրցակաբաշխություն, որի շրջանակներում չորս տարբեր անվանակարգերում մրցանակներ են տրվելու հայազգի նշանավոր գործարարների և էկոնոմիկայի ոլորտի հայնտի մասնագետների: Այս տարի մրցանակաբաշխությունը ունենալու է «Տարվա գործարար անձ», «Գլոբալ նվաճումների», «Հայաստանյան բիզնեսի գերազանցության», «Հայաստանում ներդրող» մրցանակները:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am