Հավանություն տրվեց Գյումրու և ՎԶԵԲ-ի միջև դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ և Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թ. մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով սահմանված Տրանշ Բ դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2 մլն 650 հազար եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում՝ ծրագրի համաֆինանսավորման նպատակով, և Տրանշ Գ դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2 մլն եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում՝ ծրագրի համաֆինանսավորման նպատակով»,- ասաց Պապիկյանը:
Ծրագրի նպատակն է՝ աջակցել Հայաստանի Հանրապետությանը Գյումրի քաղաքում հիմնական ճանապարհների վերակառուցման և հանրային լուսավորության արդիականացման գործընթացներում: