Հալեպն ամեն հնարավորը կանի աջակցելու Թուրքիայի գործողություններից տուժածներին. Ժիրայր Ռեիսյան

Armenpress 10:44, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ժողովրդի համար անընդունելի է Թուրքիայի գործողությունները. դա ոտնձգություն է Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

«Սիրիան ոչ առիթ է տալիս, ոչ էլ ընդունելի է համարում նման ոտնձգությունը: Սիրիան անվիճելիորեն մնում է հաստատակամ ազատագրելու իր հողային տարածքներն: Ակնհայտ է, որ  վտանգներ կան, և մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել բոլոր տուժածներին՝ լինեն  հայեր, թե այլ ազգի ներկայացուցիչներ»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Նա ընդգծեց, որ Թուրքիայի այս գործողությունները կհանգեցնեն անկայունության, ինչին էլ հենց ձգտում է պաշտոնական Անկարան:

«Թուրքիայի ցանկությունն է դա: Այս ամբողջ ընթացքում շատ հստակ հակասիրիական քաղաքականության մեջ է եղել և միշտ փորձել է պղտոր ջրում ձուկ որսալ: Սիրիացի ժողովուրդն իր իրավունքը վերականգնելու հարցում հաստատակամ է»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Այն հարցին, թե արդյոք կան կոնկրետ տվյալներ Թուրքիայի կողմից ներխուժված տարածքներում բնակվող հայերի թվի մասին, Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ դժվար է ասել, քանի որ գրեթե հայաթափված շրջաններ էին: Քիչ թվով ընտանիքներ են մնացել:

«Ինձ համար մտահոգիչ էր այն, որ Կամիշլի շրջանը ևս թիրախավորված է, որտեղ տուժողներ կան: Անկասկած Հալեպն ամեն հնարավորն անելու է, որ ոչ մի հայ, կամ այլ ազգի ներկայացուցիչ դժվարությունների առջև չմնա»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am