Սիրիայի Թել Աբյադ քաղաքից կկազմակերպվի հայ ընտանիքների տարհանումը

Armenpress 09:50, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ քննարկելով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից:

«Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես ազգությամբ հայ բնակիչներ կան, գնդակոծվում է: Մեր հյուպատոսին խնդրեցի զորակցությունս փոխանցել հայ համայնքին, և, առհասարակ, աղոթում եմ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների և մեր բարեկամ սիրիացի ժողովրդի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am