ՀՀ. որակյալ կադրերի թողարկումը կախված է բուհի ֆինանսական անկախությունից

Armenpress 09:44, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ընդունելություն, կրթական գործընթաց ու համապատասխան փաստաթղթի հանձնում-ստացում. կրթական այդ շղթայից դուրս, թերեւս, ոչ մի ուսանող իրեն չի պատկերացնում: Կընդունվեն, կսովորեն կամ «կսովորեն», հետո էլ կավարտեն: Իսկ ամենավերջում մտածելու տեղիք կունենա «սովորած» մասնագետի հաճախորդը կամ ծառայությունների սպառողը, որովհետեւ նրանց մուտքը աշխատաշուկա ոչ մի կերպ չի բացառվում կամ սահմանափակվում:

Մինչդեռ ի՞նչ է նշանակում հարվածային առաջադիմությամբ բժիշկ կամ վատ առաջադիմությամբ իրավաբան, կամ էլ թե ուսուցիչ: Իսկ եթե ամեն դեպքում նրանք այդ որակներով «թողարկվել» եւ ճանապարհվել են աշխատաշուկա, ապա ո՞վ է կրելու այսօրինակ կադրերի մասնագիտական սխալների հետեւանքների պատասխանատվությունը:

Բայց այդ հարցերը որ տեսանկյունից էլ դիտարկելու լինենք՝ առնչվում ենք բուհի ֆինանսական հնարավորությունների հետ: Այն պարագայում, երբ բարձրագույն ուսումնական հաստատությունները կունենան իրենց ֆինանսական անկախ միջոցները եւ որեւէ կերպ կախված չեն լինի ուսանողի վճարած վարձերից՝ բուհական կրթության ընդհանուր պատկերը որոշակի փոփոխության կենթարկվի՝ դրական իմաստով: Իսկ քանի դեռ յուրաքանչյուր դիմորդ եւ ուսանող պոտենցիալ միջոց է բյուջե լցնելու՝ աշխատաշուկայում որակյալ մասնագետների փնտրտուքը բարդ գործընթաց է համարվելու»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am