Սուրեն Պապիկյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցչին

Armenpress 17:29, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցման գծով տնօրեն Անդրեյ Գլավատսկիխին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-Հարավ միջանցքի, ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերի, ինչպես նաև երկկողմ օրակարգի առարկա հանդիսացող ենթակառուցվածքային արդիականացման մի շարք հարցեր։  

Նախարար Պապիկյանը կարևորել է բանկի հետ բազմաոլորտ և ընդգրկուն համագործակցությունը և նկատել, որ ենթակառուցվածքների զարգացման նոր փուլ թևակոխելու պայմաններում Հայաստանի և հիմնադրամի միջև հաստատված գործընկերային հարաբերություններն առավել հեռանկարային դրսևրումներ են ստանում։

Օրակարգային հարցերի թվում զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Ագարակ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական և նախագծման աշխատանքների իրականացմանը։

Ընդգծելով ՀՀ կառավարության համար ծրագրի ռազմավարական նշանակությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանը հատուկ շեշտել է, որ շինաշխատանքներն անհրաժեշտ է վստահել ոլորտում բարձր մասնագիտացվածություն, փորձառու ու հեղինակություն վայելող կազմակերպության, որն ամբողջական պատասխանատվություն կկրի կատարված աշխատանքների համար։

ԿԶԵՀ տրանսպորտի և հաղորդակցման գծով տնօրեն Անդրեյ Գլավատսկիխը բարձր է գնահատել տարբեր ուղղություններով ենթակառուցվածքային զարգացման ՀՀ կառավարության հանձնառությունը և հիմնադրամի անունից պատրաստակամություն հայտնել աջակցել հայկական կողմի նախաձեռնություններին։  

Ավարտին անդրադարձ է եղել համատեղ ծրագրերի անխափան և բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված տեխնիկական, կազմակերպչական և ընթացակարգային հարցերին։ 

Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4–ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը  ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով՝ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում: 32 կմ ընդհանուր երկարությամբ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի վերակառուցման նախագծումն իրականացնում է հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերությունը: Նախագծման աշխատանքներն սկսվել են 2019 թվականի սեպտեմբերի 9-ին և նախատեսվում է ավարտել 15 ամսվա ընթացքում, իսկ շինարարական աշխատանքները՝ 2021-2023 թթ.:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am