Վարչապետի խոսնակը հերքում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության լուրը

Armenpress 14:27, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին լուրը: «Արմենպրես»-ի ճշտող հարցին՝ համապատասխանում է արդյոք իրականությանը, որ վարչապետը միջնորդել է պաշտոնից ազատել Տոնոյանին, Կարապետյանը պատասխանեց. «Հերքում եմ լուրը»:

Լրատվամիջոցները հրապարակել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, նա  անհեթեթություն է համարել մամուլի հրապարակումները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին: Փաշինյանն այդ մասին խոսել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից հետո՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Մինչ այդ, լրատվամիջոցներն անանուն տեղեկություն էին շրջանառել, որ հոկտեմբերի 9-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրելու Դավիթ Տոնոյանին նախարարի պաշտոնից ազատելու մասին: Ըստ այդ հրապարակման, իբր, Նիկոլ Փաշինյանն արդեն միջնորդագիրը ներկայացրել է Նախագահին:

Նախագահական նստավայրից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ որևէ միջնորդագիր չեն ստացել:

Տոնոյանը ևս լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ ինքն աշխատանքի մեջ է, և լուրը չի համապատասխանում իրականությանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am