1000х90.jpg (78 KB)

ԱԽ քարտուղարը բրազիլացի պաշտոնյային ներկայացրել է ՀՀ տիեզերական գործակալության ստեղծման ծրագիրը

Armenpress 19:09, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար պարոն Խուլիո Նետոյին ով Հայաստանում մասնակցում է WCIT 2019 համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, քարտուղարը կարևորել է Հայաստանի և Բրազիլիայի համագործակցությունը ինովացիոն տեխնոլոգիաների և, հատկապես, տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում։

Արմեն Գրիգորյանը հյուրին ներկայացրել է  տիեզերական արդյունաբերության ներկայիս դրությունը Հայաստանում, ձեռնարկվող քայլերը, մասնավորապես՝ «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը և Հայաստանի տիեզերական գործակալության ստեղծման մասին առկա քննարկումները։

Խուլիո Նետոն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակով համաժողովի անցկացման և հանդիպման կազմակերպման համար։

Փոխնախարարն ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև կնքված տեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման կարևորությունը և հանձնառություն վերցրել նպաստել դրա հնարավորինս շուտ իրականացմանը։ Փոխնախարար Նետոն նաև ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման Բրազիլական ծրագիրը և համագործակցության հնարավորությունները։

Այնուհետև կողմերը քննարկել են տիեզերքի, բարձր տեխնոլոգիաների, գեոստացիոնար ուղեծրերում արբանյակների աշխատանքների արդյունավետ կազմակերպման, կրթության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծվելիք աշխատանքային խմբերում ԱԽ գրասենյակի ներկայացուցչի մասնակցության շուրջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am