1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիըրը և Ջուդի Չուն հանդիպումներ են ունեցել Արցախի խորհրդարանում

Armenpress 16:26, 8 Հոկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիըրին և Ջուդի Չուին, ովքեր Արցախի Հանրապետություն են ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցի, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: 

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Արցախի, Հայաստանի և ԱՄՆ հայկական համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ նրանց կատարած աշխատանքի համար: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ջեքի Սփիըրին՝ Հայկական Համագումարի կողմից մրցանակի արժանանալու կապակցությամբ և նշել. «Այն երկարատև աշխատանքը, որ դուք արել եք ի նպաստ հայության խնդիրների լուծման, արժանացել է պատշաճ գնահատականի»:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Ջուդի Չուի աշխատանքը Կոնգրեսում՝ նշելով, որ ԱՄՆ օրենսդրության մեջ ազգային պաշտպանության հարցերով նրա նախաձեռնությունը կարևոր է՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման առումով, ինչն էլ իր հերթին որոշիչ է տարածաշրջանի ժողովուրդների ապագայի կերտման հարցում:

Կոնգրեսական Ջեքի Սփիըրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ դեռևս շատ անելիք ունեն Արցախի շահերը պաշտպանելու ուղղությամբ, և այդ առումով արցախցիները կարող են վստահել իրենց:

Ջուդի Չուն ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել ազգային պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու իր նախաձեռնությունը, որը ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից և նպատակ ունի ամրապնդելու հրադադարի ռեժիմը ու համապատասխան մեխանիզմներ սահմանելու դրա պահպանման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում ականազերծման աշխատանքներին և համագործակցության հետագա ծրագրերին վերաբերող հարցերի շրջանակ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և կոնգրեսական Ջեքի Սփիյըրի աշխատակազմի ղեկավար Ջոշ Քոննելին:

Կոնգրեսականներն այնուհետև հանդիպել են ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում, խորհրդարանի ղեկավարը  նշել է, որ Արցախը բաց է համագործակցության համար և ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում ամերիկյան կառույցները, ազատության ու ժողովրդավարության իրավիճակի մասին ոչ միայն հեռակա մշտադիտարկում իրականացնեն, այլև ուղղակիորեն աշխատեն Արցախի քաղաքացիական հասարակության հետ ու աջակցություն ցուցաբերեն ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործմանը:

«Արցախում ապրող մարդիկ ունեն նույն իրավունքներն ու ազատությունները, ինչպես ցանկացած երկրում ապրող մարդիկ, և քաղաքական կարգավիճակով պայմանավորված սահմանափակումներն անթույլատրելի են: Ուստի՝ հույս ունեմ, որ մեր հարգարժան կոնգրեսականներն իրենց նախաձեռնություններում ուշադրություն կդարձնեն նաև անվտանգությունից ոչ պակաս կարևոր այս խնդրին»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

Ջեքի Սփիըրը, խոսելով Հայոց ցեղասպանության և այսօր աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին, նշել է, որ պետք է անեն հնարավորը դրանց կանխման համար: Անդրադառնալով Արցախին՝ նա նշել է. «Հաստատակամ եմ իմ ջանքերում և շարունակելու եմ անել ամեն ինչ, որպեսզի դուք ապրեք Ձեր երկրում, ունենաք կանխատեսելի ապագա, լինեք անվտանգ և ունենաք այն ապագան, որին դուք ձգտում եք որպես Հայաստանի մաս»:

Ջուդի Չուն Արցախի խորհրդարանականներին է ներկայացրել ազգային պաշտպանության վերաբերյալ իր օրենսդրական նախաձեռնությունը, որը պետք է քննարկվի ԱՄՆ Սենատում: «Հույս ունենք, որ Ամերիկան կօժանդակի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,-ընդգծել է Ջուդի Չուն:

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին կարևոր աշխատանքի համար, անդրադարձել է ԱՄՆ կողմից Հայաստանին և Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությանը՝ առանձնապես ընդգծելով ԱՄՆ կառավարության կողմից Արցախում իրականացվող ականազերծման ծրագրի կարևորությունը: Նա հույս է հայտնել, որ այդ ծրագրի ավարտից հետո գումարները կվերահասցեավորվեն Արցախում այլ կարևոր նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը հիշեցրել է Արցախի գյուղերում առողջապահության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ամերիկյան աջակցությամբ կյանքի կոչված ծրագրերի մասին և առաջարկել օժանդակել զարգացման ծրագրերին:

Առավոտյան Ստեփանակերտի օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական   հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am