Լիլիթ Մկրտչյանն ու Անուշ Հեքիմյանն արժանացան Լևոն Անանյանի անվան գրական մրցանակի

Armenpress 15:54, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի անվան գրական մրցանակի հանձնման արարողությունն այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին Հայաստանի գրողների միությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պոեզիա» անվանակարգում «Գլխապտույտ առանցքի շուրջ» գրքի համար պատվոգրի և դրամական պարգևի արժանացավ երիտասարդ գրող Անուշ Հեքիմյանը, իսկ «Արձակ» անվանակարգում «10950 օր, ժաժք» պատմվածքների համար պատվոգիրն ու դրամական պարգևը հանձնվեց Լիլիթ Մկրտչյանին:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտեր էին ներկայացրել երիտասարդ գրողներ Երևանից, Գյումրիից և այլ  վայրերից: Տարեցտարի մասնակիցների թիվն աճում է: Կարևորում եմ այն, որ Երևանից դուրս` հատկապես Շիրակի և Լոռու մարզերում, մեր գրական բաժանմունքներն ակտիվ գործունեություն են ծավալում, ինչի արդյունքում տեղի երիտասարդ ստեղծագործողները սիրով են մասնակցում մրցանակաբաշխություններին»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Մրցանակաբաշխության հովանավոր բանաստեղծուհի, արձակագիր Նաթելա Լալաբեկյանն ասաց, որ մրցանակակիրները շատ շնորհալի ստեղծագործողներ են, որոնց իրենք գրեթե միաձայն են ընտրել: «Հաջորդ տարվանից մրցանակաբաշխության ձևաչափը փոխվելու է. միջոցառումն անցկացնելու ենք հունիսին` երիտասարդական գրականության օրերի շրջանակում»,-ասաց նա` շնորհավորելով դափնեկիրներին:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Պետրոս Դեմիրճյանն ընդգծեց, որ և՛ «Պոեզիա», և՛ «Արձակ» անվանակարգերում ներկայացվել են տասնյակից ավելի գործեր:

Անդրադառնալով մրցանակակիրներին` նա ասաց, որ Լիլիթ Մկրտչյանը, որին հանձնաժողովը միաձայն է ճանաչել որպես հաղթողի, գործերը գրել է Գյումրու բարբառով: «Եթե բարբառը մի կողմ դնենք, գիրքը հիսուն տոկոսով կկորցնի համն ու հոտը, բայց դրանում կա գրողական աչք, գրողական ձեռք ու ձիրք: Բովանդակությունը և՛ սոցիալական, և՛ գեղագիտական բոլոր կողմերից հասուն գրչի արդյունք է: Կարծում եմ` Լիլիթը լավ ապագա ունի, իսկ Անուշ Հեքիմյանն այս տարի նաև «Արարատ Մկրտումյան» գրական-երիտասարդական մրցանակի է արժանացել: Նրան նույնպես միաձայն ենք ընտրել»,-նշեց Դեմիրճյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am