Գոհ եմ մարզիկների կատարած աշխատանքից. Հակոբ Սերոբյան    

Armenpress 12:44, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է աշխարհի առաջնության որակավորման փուլում մարզիկների ցույց տված արդյունքներից:

«Այն, որ Արթուր Թովմասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության օղակների վարժության եզրափակիչ, մեծ ձեռքբերում է: Սակայն նա դեռևս ուղեգիր չունի, ամեն ինչ պարզ կլինի եզրափակիչից հետո: Եզրափակիչի մասնակիցները միավորներով մոտ են մեկ մեկու, և շանսերը մեծ են: Գոհ եմ տղաների կատարած աշխատանքից»,-«Արմենպրես»-ի հետ Շտուտգարտից հեռախոսազրույցում նշեց մասնագետը:

Խոսելով Հարություն Մերդինյանի մասին` Սերոբյանը փաստեց, որ մարզիկը կատարել է իր վարժությունը, բայց պետք հաշվի առնել նրա տարիքը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: Գերմանական Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության օղակների վարժության որակավորման փուլում Թովմասյանը հավաքել է 14․566 միավոր և 8-րդ հորիզոնականով դուրս եկել եզրափակիչ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը տապալել է ելույթները բազմամարտում (37-րդ տեղ), հենացատկերում (25-րդ տեղ), նժույգթափերում (33-րդ տեղ), օղակներում (26-րդ տեղ), ազատ վարժությունում (62-րդ տեղ) և զուգափայտերում (140-րդ տեղ), բայց նվաճել է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հարություն Մերդինյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Նա նժույգթափերում 13-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am