1000х90.jpg (78 KB)

Աչաջուր համայնքի երեխաները ընթերցանության նոր անկյուն ունեն

Armenpress 15:37, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Աչաջուր համայնքի գրադարանը հոկտեմբերի 5-ին վերաբացվեց։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, բացման արարողությանը ելույթներով հանդես եկան «IBBY Հայաստանի» նախագահ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, մշակույթի գործիչներ:

Ներկա էին նաև ոլորտի տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, հյուրեր: Ռուզան Տոնոյանը շնորհավորեց ներկաներին գրադարանի վերաբացման առիթով՝ նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա համայնքի մտավոր ներուժը կենտրոնացնելու և մյուս համայնքներին օրինակ ծառայելու համար։

«Աչաջրի մշակույթի տան շենքում գործող գրադարանն իր դռներն է բացում ընթերցասերների առջև բոլորովին նորոգված, տեխնիկապես վերազինված և նոր գրքերով համալրված...Նախաձեռնությունը ևս մեկ խորհուրդ ունի՝ հերթական անգամ արժևորել գրադարանների դերն ու նշանակությունը ընթերցանության կազմակերպման և խթանման գործում», - հավելեց նա։ 

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց, որ Տավուշի մարզը Հայաստանի իր ամենասիրելի վայրն է դարձել, իսկ գրադարանը՝ երեխաների ամենասիրելի վայրը պետք է լինի: «Կարծում եմ, սա ամենակարևոր իրադարձությունն է ձեր երեխաների կյանքում», - դիմեց նա աչաջուրցիներին։

Աչաջուր համայնքի երեխաների մասնակցությամբ միջոցառումից հետո ՀՀ Ջուն Յամադան ու Ռուզան Տոնոյանը Աչաջրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանի հետ կտրեցին բացման ժապավենը։

Հիշեցնենք, որ գրադարանը վերաբացվել է IBBY-ի հայաստանյան ներկայացուցչության և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ IBBY Yamada դրամաշնորհային ծրագրով։

Վերանորոգման աշխատանքներին աջակցել են Տավուշի մարզպետարանն ու Աչաջրի համայնքապետարանը, մի շարք գործարարներ, իսկ գրադարանի հավաքածուն համալրվել է «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Անտարես», «Ջի Էս Էմ» հրատարակչությունների և «Նոյյան Տապան», «Բուկինիստ» գրախանութների կողմից նվիրաբերված նոր ավելի քան 500 միավոր, հիմնականում մանկապատանեկան, գունազարդ գրքերով։ 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նախաձեռնության բոլոր աջակիցներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am