Շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված Երևանում ՏՏ համաժողովին

Armenpress 14:21, 7 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի  7-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երևանում» թեմային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 
Լուսանկարները` Տաթև Դուրյանի
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվուն Չուն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:  
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի վրա ներկայացված է Արարատ լեռը և մի հատված հայկական բնապատկերից: Գեղաթերթիկի վրա նաև տեղադրված է «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 12 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am