Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում պետք է նոր նշաձող սահմանենք. Տիգրան Ավինյան

Armenpress 13:04, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ցանկանում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում նոր նշաձող սահմանել և ստեղծել նոր ապրանքատեսակներ, որոնք հնարավորություն կտան փոխել մարդկանց առօրյան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 7-ին Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս միջոցառումը կարելի է համարել կարևոր հանգրվան, որովհետև այն բավականին հեղինակավոր է, և առաջին անգամ անցկացվում է ՀՀ-ում, բայց նմանատիպ գործընթացները պետք է լինեն շարունակական: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հնարավորությունները գրեթե անսահմանափակ են: Մենք պետք է շարժվենք այն ուղղությամբ, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում սահմանենք նոր նշաձող, ստեղծենք նոր ապրանքատեսակներ, որոնք իրապես հնարավորություն կտան փոխել ոչ միայն ոլորտը, այլև մեր առօրյա կյանքը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ այս համաժողովում կարելի է շատ կարևոր կապեր ձեռք բերել:

Կարևորագույնը, ինչ որ հնարավոր է քաղել այս միջոցառումից, կապերն են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք մեր տնային աշխատանքը ճիշտ և գրագետ իրականացնում ենք, կարծում եմ, որ կապեր ստեղծելու և իրագործելու հնարավորությունը պետք է բաց չթողնենք: Ես համոզված եմ, որ շատ ընկերությունների ներկայացուցիչներ կարող են հետաքրքրված լինել Հայաստանով:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ հատուկ զեկույցով հանդես գալու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am