Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

Armenpress 10:20, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ պետության ղեկավարի առաքելության իրականացման և Ձեր բոլոր ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչման գործում:

Շատ ուրախ էի, որ առիթ ունեցա հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում: Մեր երկկողմ հանդիպումը Երևանում և դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատում են փոխըմբռնման և բարեկամության բարձր մակարդակը, որը բնորոշ է մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերություններին:

Շնորհակալ եմ պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու հրավերի համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առավել ամրապնդել մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և գտնել նոր ուղիներ դրա հետագա կատարելագործման համար` ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

անկեղծորեն մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին ու մտերիմներին քաջառողջություն, բարօրություն և երջանկություն»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am