Իվոն Չուն հիացմունք է հայտնել Հայաստանի՝ ՏՏ ոլորտում տպավորիչ աճի և գլոբալ կենտրոն դառնալու համար

Armenpress 16:42, 5 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ Իվոն Չուն Հայաստանը որակել է որպես համաշխարհային Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առաջատարներից մեկը, իր հիացմունքն արտահայտել ոլորտում տպավորիչ աճի և ՏՏ գլոբալ կենտրոն դառնալու առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իվոն Չուն նման տեսակետ է հայտնել Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովին ընդառաջ իր ողջույնի խոսքում:

« Հոկտեմբերի 6-9-ը Երևանը կդառնա տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների աշխարհի էպիկենտրոնը: Ձեր գեղեցիկ մայրաքաղաքը հյուրընկալելու է ՏՏ արդյունաբերության ոլորտի աշխարհի առաջատարների, որոնք համախմբվում են` քննարկելու թվային դարաշրջանի էվոլյուցիայի ամենահրատապ գլոբալ խնդիրները:  Համաշխարհային ՏՏ համայնքը մի քանի տարի շարունակ մեծ հետաքրքրությամբ սպասում էր այս միջոցառմանը։ Ցանկանում եմ նաև հիացմունքս արտահայտել Հայաստանի՝ որպես համաշխարհային ՏՏ ոլորտի առաջատարի մասին, ոլորտում տպավորիչ աճի և ՏՏ գլոբալ կենտրոն դառնալու առնչությամբ»,-ասել է Չուն ու Ես շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը և WITSA-ի անդամ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը՝ կարևոր համաժողովին լիակատար աջակցություն ցուցաբերելու համար:

Նրա կարծիքով՝ ՏՏ համաշխարհային համաժողովը խոստանում է նշանակալից իրադարձության վերածվել Հայաստանի և գլոբալ ՏՀՏ ոլորտի ապագայի համար: Այս տարի WITSA-ի ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Իրագործելով թվային դարաշրջանի խոստումը։ Ապակենտրոնացման ուժը. խոստում և վտանգ»: Համաժողովը կուսումնասիրի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները վերափոխում մեր կյանքը դեպի լավը և վատը, դրա ազդեցությունը անհատների, առևտրի և շահույթի, անվտանգության, ժողովրդավարության և մարդկության վրա:

Որպես Հայաստանի ՏՏ ոլորտի ամենաերկարակյաց ու ամենամեծ պաշտպան ասոցիացիայի նախագահ ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և ՏՏ համաշխարհային համաժողովի՝ «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը մեծ պատիվ է համարել իր 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երևանում հյուրընկալել ՏՏ համաշխարհային համաժողովը:

Այս տարի Երևանը շուրջ 70 երկրից հյուրընկալում է ոլորտի ավելի քան 2500 առաջնորդների, մտավորականների, քաղաքական գործիչների և ձեռնարկատերերի՝ քննարկելու տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական քաղաքական, էթիկական, տնտեսական և սոցիալական հարցերը։ 2005 թվականից ի վեր ԱՏՁՄ-ն աշխատում է Հայաստանի ՏՀՏ էկոհամակարգի զարգացումը խթանելու ուղղությամբ, կազմակերպում արդեն հաջողություններ գրանցած ամենամյա «Digitec Expo» ցուցահանդեսը, աջակցում է հայկական ստարտափներին, նախաձեռնում և իրականացնում է ռոբոտաշինության ծրագրեր և ֆինանսավորում է հետազոտությունների ու զարգացման ծրագրեր:  Եսայանը շեշտել է՝ «WCIT»-ի պաշտոնական գործընկեր, ԱՏՁՄ-ն 2017 թվականից ի վեր մեծ նվիրումով աշխատում է համաժողովը Երևանում լավագույնս կազմակերպելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am