Զոհրաբ Մնացականյանը Ֆրենկ Փալոունին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Armenpress 18:59, 4 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է  ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Շնորհակալություն հայտնելով հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ծավալած գործունեության համար՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Միացյալ Նահանգների հետ գործընկերության և քաղաքական օրակարգի առավել ընդլայնումն ու խորացումը եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերակա առաջնահերթությունների շարքում:

Զոհրաբ Մնացականյանը կոնգրեսական Փալոունի ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: ԱՄՆ կոնգրեսականի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:

Նախարար Մնացականյանը կոնգրեսական Փալոունին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, այդ թվում՝ ուժի սպառնալիքների և ռազմատենչ հռետորաբանության բացառման միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am