Հայաստանն ու Ֆրանսիան ուսումնասիրություններ կկատարեն ցեղասպանությունների կանխարգելման նպատակով

Armenpress 15:12, 24 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արխիվի և Շոահի հուշահամալիր-հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը կնպաստի հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունների բնագավառում տեղեկությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արխիվային փաստաթղթերի փոխանակմանը և դրանց հիման վրա համատեղ ցուցադրությունների կազմակերպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համագործակցության համաձայնագիրը սեպտեմբերի 24-ին Ֆրանսիայի դեսպանությունում ստորագրեցին Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ու Շոահի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը: Ներկա էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը։ Վերջինիս կարծիքով` համագործակցությունն ապացուցում է, որ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն ընդհանուր հիշողություն:

«Այս տարվանից սկսած ապրիլի 24-ը Ֆրանսիայում համարվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիացիները քաջատեղյակ են Հայոց ցեղասպանությանը, և նրանց  տեղեկացվածությունը պայմանավորված է այդ բնագավառում իրականացված հետազոտությունների արդյունքներով: Թեմայի շուրջ աշխատանքներ են անցկացվում դպրոցական, դասավանդողների վերապատրաստման ծրագրերում և այնպիսի հաստատություններում, ինչպիսին Շոահի հուշահամալիր-հիմնադրամն է»,-ընդգծեց դեսպանը:

Ամատունի Վիրաբյանի խոսքով` արխիվային գործի բնագավառում իրենք միջազգային համագործակցության բավականին մեծ փորձ ունեն: Աշխատել են նաև ֆրանսիական կողմի հետ: «Այսօր առաջին անգամ մենք ստորագրում ենք համաձայնագիր, որը միտված է Հայոց ցեղասպանության մասին հիշողությունների պահպանմանը և գիտական հետազոտությանը, որ նման անմարդկային երևույթներ այլևս չլինեն: Կարծում եմ` համաձայնագիր ստորագրելը հաճելի արարողություն է, բայց անպայման անհրաժեշտ է իրագործել դրանում զետեղված կետերը»,-նշեց Վիրաբյանը:

Նա ասաց, որ Ժակ Ֆրեջի հետ արդեն քննարկել են այն ծրագրերը, որոնք իրականացնելու են առաջիկայում: «Մեր արխիվում պահվում են բազմաթիվ փաստաթղթեր, բայց հատկապես շատ են Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերը: Ունենք փաստաթղթեր՝ կապված ասորիների, եզդիների ցեղասպանությունների հետ, որոնք նույնպես ներառվելու են մեր համատեղ աշխատանքներում»,-շեշտեց արխիվի տնօրենը:

Համագործակցության համաձայնագիր ստորագրելու նախաձեռնությունը ֆրանսիական կողմինն է: Դեռևս 2018 թվականին Շոահի հուշահամալիր-հիմնադրամի ներկայացուցիչները` տնօրեն Ժաք Ֆրեջի գլխավորությամբ այցելել էին Հայաստան: Հանդիպելով Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ` հանդես են եկել երկկողմ համագործակցություն իրականացնելու առաջարկով:

Համաձայնագիրը, որը բաղկացած է հինգ հոդվածից, ստորագրվեց հինգ տարի ժամկետով, սակայն կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել ևս հինգ տարով:

Շոահի հուշահամալիր-հիմնադրամը զբաղվում է հոլոքոստի և աշխարհում  ցեղասպանությունների կանխարգելման հարցերի ուսումնասիրությամբ: Ստեղծվելուց հետո այնտեղ հավաքագրվել են փաստաթղթեր և փաստաթղթերի կրկնօրինակներ ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հոլոքոստի ժամանակ հրեաների ճակատագրի, այլև` ֆրանսիական դիմադրության շարժմանը ցեղասպանությունից մազապուրծ հայերի մասնակցության վերաբերյալ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am