ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը «WCIT 2019»-ի հիմնական բանախոսներից է

Armenpress 11:50, 24 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսատանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը կմիանա Երևանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոսներից մեկը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերին Երևանում անցկացվող համաշխարհային համաժողովին նա ելույթ կունենա «ՏՀՏ օրենքներ և կարգավորումներ» պանելային քննարկմանը։ 

Միխայիլ Միշուստինը կանդրադառնա տնտեսության թվային փոխակերպմանը և հարկային վարչարարության վրա դրա անդրադարձին։ «ՏՀՏ օրենքներ և կարգավորումներ» պանելային քննարկումները կբացահայտեն, թե անալոգային օրենսդրությունը և կարգավորումները ինչպես կարող են համընթաց շարժվել թվային արագությամբ սլացող տեխնոլոգիական աշխարհի հարափոփոխ իրողությունների հետ։

«Հպարտ ենք, որ Միխայիլ Միշուստինի նման հարգարժան գործիչը ելույթ է ունենալու Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովում և ներկայացնելու է ժամանակակից տեխնոաշխարհի կարևորագույն հեռանկարները»,- Միխայիլ Միշուստինի մասնակցության վերաբերյալ նշել է «WCIT 2019»-ի Կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Միխայիլ Միշուստինը 2010 թվականի ապրիլի 6-ից զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը, 1998-ին նշանակվել է Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ, այնուհետև՝ ՌԴ հարկերի և բռնագանձումների փոխնախարար։ 2008 թ․ դարձել է Ռուսաստանում ակտիվների և մասնավոր կապիտալի կառավարման «UFG» ընկերությունների խմբի նախագահ։

«ՏՀՏ օրենքներ և կարգավորումներ» պանելային քննարկմանը Միխայիլ Միշուստինին կմիանան «Parley Pro»-ի գործադիր տնօրեն Օլգա Մակը, «Grant Thornton International»-ի Գլոբալ ցանցային կարողությունների թիմի ղեկավար Ֆրանչեսկա Լագերբերգը և «RIPE Network Coordination Center»-ի գործադիր տնօրեն Ակսել Պավլիկը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը («WCIT 2019») ՏՀՏ ոլորտում ամենահին և ամենահեղինակավոր իրադարձություններից է, որին այս տարի սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ «WCIT 2019»-ն անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» խորագրով։

***

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am