Ոստիկանությունը հայտնում է «Խութ» բարեգործական հիմնադրամում ապօրինությունների բացահայտման մասին

Armenpress 19:30, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստացած տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից մեկը, խմբային և անձնական այլ շահերից ելնելով, շինարարության կատարման թույլտվություն տալու համար տարբեր անձանց պետական տուրքի վճարից բացի, պարտադրել է «Խութ» հիմնադրամին փոխանցել խոշոր չափի գումարներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ «Խութ» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները սոցիալապես անապահով անձանց միանվագ օգնություն տրամադրելու պատրվակով կազմել են գումարների դուրս գրման կարգադրություններ և գումարի ստացման ցուցակներում քաղաքացիների փոխարեն ստորագրել՝ այդ կերպ յուրացնելով տարբեր չափի գումարներ։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննության։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am