Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների հարցը մեր օրակարգում է. ԱԳ նախարար

Armenpress 15:05, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գերեվարված ՀՀ երկու քաղաքացիների հարցը օրակարգում է. այդ հարցով քննարկում կլինի նաև Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման ընթացքում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ հանդիպմանը հնարավո՞ր է քննարկեն Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիների փոխանակման հարցը:

«Ունենք ամբողջ հարցերի ցանկը, որոնք կազմում են մեր բանակցությունների օրակարգը: Եվ դրանք սահմանափակված չեն ինչ-որ հարցերով: Օրակարգը, հարցերի այն ցանկը, որ մեզ համար առաջնային կարևորություն ունի, խաղաղ կարգավորմանն անմիջապես վերաբերվող հարցերն են: Եվ մեր մոտեցումները ներկայացրել ենք, ընդգծել եմ, թե ինչն է կարևորագույնը մեզ համար: Մենք ունենք նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնք շատ էական են: Ընդգծում ենք բանակցային խաղաղ գործընթացի համար համապատասխան միջավայրի անհրաժեշտությունը»,-ասաց Մնացականյանն ու հավելեց, որ կա նաև լրագրողի բարձրացրած հարցը, ինչը շատ էական նշանակություն ունի:

Մնացականյանի պատկերացմամբ՝ Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները՝ Արայիկ Ղազարյանն ու Կարեն Ղազարյանը, պետք է վերադարձվեն Հայաստանին, որովհետև սա խիստ մարդասիրական խնդիր  է: Նախարարը նկատեց՝ նրանք հանցագործություն չեն գործել, և ամենաուղղակի ճանապարհը մարդասիրական քայլ իրականացնելն  ու վերադարձնելն է:

«Դա մի հարց է, որը բնականաբար մեր օրակարգում է: Բնականաբար ներգրավվածություն լինելու է, այդ հարցով քննարկում լինելու է»,-ասաց Մնացականյանը:

Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին, Ստեփանակերտում գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ին այս մասին գրություն է ուղարկել համապատասխան միջազգային կառույցներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ պնդել էր, որ փոխանակում չի կարող տեղի ունենալ, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել:

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնք ունենալով զենք ու զինամթերք, 2014 թվականի հունիսի 29-ին հետախուզական գործողությունների նպատակով ապօրինաբար հատել էին ԼՂ սահմանը և ներխուժել Շահումյանի շրջանի տարածք, այժմ պահվում են Շուշիի քրեակատարողական հիմնարկում: Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Այս անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել, լրտեսական գործունեություն իրականացրել: Նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am