Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Armenpress 14:20, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն` սեպտեմբերի 21-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի պաշտոնական այցը  Հայաստանի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի և ԲՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը, հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափով անցկացվող օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին հայ և բելառուս զինվորականների համատեղ մասնակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև երկու պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջև համագործակցության ու առաջիկա աշխատանքային ուղղությունների վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am