Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Թռիչք»-ով  ազդարարեց 154-րդ թատերաշրջանի բացումը

Armenpress 10:05, 21 Սեպտեմբեր, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 21  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.Արմենուհի Մխոյան): Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Թռիչք» ներկայացմամբ ազդարարվեց 154-րդ թատերաշրջանի բացումը: Դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ Սամվել Կոսյանի՝  «Կյանքը վանդակի կողքով» պիեսի հիմքում ազատության մեջ հայտնված թութակների կյանքն է:  Պիեսը  հանդիսատեսի  դատին հանձնվեց ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի մեկնաբանմամբ: Ներկայացման մեջ զբաղված են արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը, վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, դերասան Արսեն Միքայելյանն ու հրավիրյալ դերասանուհի Անի Խաչիկյանը:

Թատրոնից «Արմենպրես»-ին տեղեկացնում են՝ 154-րդ թատերաշրջանը գերհագեցած է լինելու: Տարբեր թատերական նախագծեր են իրականացվելու: Սեպտեմբերի 25-ին, 28-ին և 29-ին Մհեր Մկրտչյանի անվան փոքր թատրոնում ներկայացվելու է թատերական՝ «Երկնագույն շան աչքերը» դրաման, որտեղ հանդես կգան դերասան Արսեն Միքայելյանը և հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը։Պատանի հանդիսատեսի համար կներկայացվի «Բուրատինոյի արկածները» հեքիաթ-ներկայացումը: Հոկտեմբերին Մհեր Մկրտչյան փոքր թատրոնում եւս մեկ նոր ներկայացում կլինի՝ «Բարի լույս, պարոն Մաթեւոս», ռեժիսոր՝ Հակոբ Տեր֊Ղուկասյան: Այս  թատերաշրջանի ընթացքում թատրոնը նաև հյուրախաղերի է նախապատրաստվում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am