ԱՄԷ նախագահը ՀՀ Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Armenpress 09:57, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՇՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ  պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ հայ ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։ Խնդրում եմ փոխանցել Ձեր ժողովրդին, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովուրդը տոնի կապակցությամբ կիսում է իր ուրախությունը։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, երջանկություն և հարատև հաջողություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։

Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս և հարգանքիս հավաստիքը»։

ՀՀ Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումը, Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am