Հայաստանի անկախացման գործընթացի համր վկան. Անկախության հռչակագիրը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների

Armenpress 09:28, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանի Երրորդ Հանրապետության սրահում Հայաստանի անկախության լուռ, բայց միևնույն ժամանակ խոսուն վկան՝ Անկախության հռչակագիրն առաջացնում է թանգարան այցելող օտարերկրացի զբոսաշրջիկների մեծ հետաքրքրությունը, ականատես հայ այցելուների՝ բուռն արձագանքն ու էմոցիաները: «Արմենպրես»-ն այս մասին զրուցել է թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանի հետ, ով իր փոքր, բայց կարևոր դերակատարությունն է ունեցել այն թանգարան բերելու և ցուցադրելու համար:

«Հռչակագրի բնօրինակը նվիրել են նախագահի աշխատակազմից 1996-ին: Ընդհանրապես թանգարանային աշխատանքի մի մասը հավաքչական աշխատանքն է: Եվ երբ սկսվեց անկախության գործընթացը, ես մտածում էի, որ անպայման պետք է ունենանք նմուշները: Դրա համար մենք ջանքեր գործադրեցինք, անձամբ եմ կապվել նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ, ներկայացրել, թե ինչքան կարևոր է մեզ համար թանգարանում ցուցադրել հռչակագրի բնօրինակը, թեև դեռ սրահը պատրաստ չէր: Եվ իրենք շատ դրական արձագանքեցին՝ գիտակցելով դրա անհրաժեշտությունը»,-հիշեց Գալստյանը:

1991-ի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին: Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ 

Հռչակագրի հետ ներկայացված է նաև այն գրիչը, որով այն ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Գալստյանը նկատեց՝ այն զբոսաշրջիկներին իսկապես շատ է հետաքրքրում: Իսկ հաճախ հնչող հարցերից են լինում, թե արդյոք դա ստորագրել է հենց Տեր-Պետրոսյանը, արդյոք հենց այդ գրիչն է եղել: «Սա մեր վերջին սրահն է, երբ հասնում են այստեղ, մեկ այլ հետաքրքրությամբ են նայում, քանի որ սա արդեն նորագույն շրջանի պատմությունն է: Շատերը նաև ականատես են եղել այդ իրադարձություններին, և տեսնում են այն լուսանկարները, իրերը, որոնք դառնում են պատմություն։ Նրանք, ովքեր հենց այդ դեպքերի ականատեսներն են եղել, բուռն են արձագանքում. այնպես, կարծես այդ օրերի շունչը զգում ես այդ մարդկանց մեջ»,-ասաց Գալստյանը:

Հռչակագրի բնօրինակի կողքին ցուցադրված է նաև 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի քվեաթերթիկը, նաև Անկախ Հայաստանի առաջին անձնագիրը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անձնագիրը, իր ձեռքով գրված կոնդակը:

Նույն ցուցասրահում է նաև 1988-ի հանրաքվեներն ազդարարող շեփորը, որը մի քանի տարի առաջ թանգարանին է նվիրել շեփորահար Աշոտ Միրզոյանը: «Նա հիմա ԱՄՆ-ում է, սակայն հաճախ է գալիս Հայաստան, ու անպայման այցելում է թանգարան, նայում շեփորը: Իսկապես դա պատմություն է, պատմություն ժողովրդի համար, ովքեր ականատես էին այդ դեպքերին: Շեփորը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականությունը, հավաքական ուժը: Մենք սերունդներին ներկայացնում ենք պատմությունը: Եվ այս բնօրինակները վառ վկաներն են նրա, որ Հայաստանի ժողովուրդը կերտեց իր անկախությունը: Սրանք այս ժամանակի համր, բայց միևնույն ժամանակ խոսուն վկաներն են»,-ասաց Գալստյանը:

Սրահում նաև հաճախ են անցկացվում դասեր: Նորագույն շրջանի պատմությանը ծանոթացնելիս, ուսումնասիրելիս շատ դպրոցականներ ու ուսանողներ են իրենց դասերն անցկացնում հենց այս սրահում: «Ավելի լավ է մեկ անգամ տեսնես, քան հազար անգամ լսես»,-նկատեց Գալստյանը:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին կտոնի անկախության 28-րդ տարեդարձը:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am