1000х90.jpg (78 KB)

Անկախությունը մեզ ազատեց զսպաշապիկներից. Մշակույթի գործիչները շնորհավորում են Հայաստանի տոնը

Armenpress 09:20, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանն ասաց, որ անկախություն երևույթն ու անկախության փաստը գնահատելիս խիստ կարևոր է դրա ճիշտ ընկալումը: «Շատերն են անկախությունը նույնացնում բարեկեցության կամ գոնե դրա երաշխիքի հետ: Մինչդեռ իրականության մեջ անկախությունը սոսկ հնարավորությունն է, լավագույնին հասնելու ազատ դրսևորման ճանապարհ, սեփական երկրի ու անհատի ճակատագիրը տնօրինելու ընտրություն: Թե որքան խելացի կլինենք` այդ ուղին անցնելիս, սա էլ կկանխորոշի մեր ունեցած անկախության ճշմարիտ գինը: Մենք այսօր նշում ենք Հայաստանի անկախացման 28-րդ տարեդարձը, սակայն ընդհանրական իմաստով անկախությունը չի կարող տարիք ունենալ: Այն ծնվում, վերահաստատվում ու կայանում է ամեն օր, ամեն ժամ, յուրաքանչյուր նոր սերնդի, նոր ծնվող մարդու, նոր քայլերի ու գործերի մեջ: Եվ այդ պատճառով էլ եթե ձեզ հարցնեն` «Ի՞նչ բան է անկախությունը», դու ասեք. «Անկախությունը ես եմ» ու չեք սխալվի: Մենք ենք անկախության կրողը: Այն լավն է այնքանով, որքանով լավը կլինենք մենք»,-նշեց Չարխչյանը:

Դերասան, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն էլ ընդգծեց, որ անկախությունը մեզ ազատեց զսպաշապիկներից: Անդրադառնալով անկախության տարիներին թատերարվեստում տեղի ունեցած փոփոխություններին` Նավասարդյանն ասաց, որ դրանք զգալի են: «Ինձ պատմում էին, թե խորհրդային շրջանում հաճախ ինչ պիեսներ են պարտադրվել, թե ինչպես է հսկվել դրանց բեմականացումը, անգամ թելադրել են, թե ինչ մեկնաբանությամբ պետք է պիեսները մատուցվեն: Նման երևույթներից զերծ չէր նաև կինոն. բազմաթիվ տաղանդավոր մարդիկ զրկանքների միջով են անցել մինչև հնարավոր է եղել իրենց մտածած ֆիլմն էկրան բարձրացնել:  Հիմա այդ ամենը չկա, և մարդու միտքն ազատ է, պարզապես անհրաժեշտ է ուժ, եռանդ ստեղծագործելու համար»,- շեշտեց նա:

Նավասարդյանի խոսքով` անկախությունը հրաշալի է, բայց հաճախ ասում ենք, որ անկախ ենք ու չենք հարգում ուրիշի անկախությունը: «Ազատությունը հարաբերական է, և իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի ազատությունը: Պետք է կարողանալ հասկանալ դա, իսկ ես երջանիկ եմ, որ գոնե գիտակցական կյանքս ապրել ու ապրում եմ անկախ Հայաստանում»,-եզրափակեց դերասանը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ: Ընտրություններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը: Որ հանրաքվեն անց էր կացվել արդար ու թափանցիկ, վկայում էին 25 երկրներից գրանցված 117 դիտորդները: Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը փաստացիորեն հռչակեց այն ժամանակ, երբ ԽՍՀՄ փլուզումն արդեն գրեթե անկասելի գործընթաց էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am