Նախագահական նստավայրում անկախության 28-ամյակի առթիվ հանձնվեցին պետական պարգևներ ու կոչումներ

Armenpress 17:24, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում անկախության 28-ամյակի առթիվ պետական բարձր պարգևներ ու կոչումներ հանձնվեցին մշակույթի, կրթության, պետականաշինության ոլորտներում մեծ ավանդ ունեցած գործիչներին ու քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 20-ին կայացած հանդիսավոր արարողության ընթացքում պարգևներն ու կոչումները հանձնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Այսօր ես հաճելի և պատվաբեր առաքելություն ունեի` պետական կոչումներ և պարգևներ հանձնել մարդկանց, ովքեր այդ ամենը վաստակել են իրենց արժանապատիվ աշխատանքով: Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ, մտածելով ձեր գործի մասին, այն կատարում եք սրտի, հոգու և մտքի խոր գիտակցությամբ և նվիրումով: Ձեզնից յուրաքանչյուրը ձեր գործի իսկական վարպետ է, իսկական գիտակ: Շնորհակալ ու երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար»,- ասաց Սարգսյանը:

Նախագահը հիշատակեց Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի խոսքերը, նշելով, որ խորհրդանշական է, որ այս հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Վեհափառի ծննդյան օրը:

«Ինչպես ասում էր Ամենայն Հայոց կաթողիկոս Վեհափառ Վազգեն Առաջինը` հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքելություն: Դուք այդ առաքելության մասն եք: Այսօր Վազգեն Առաջին Վեհափառը կդառնար 111 տարեկան: Խորհրդանշական է, որ այս արարողությունն անցկացվում է նրա ծննդյան օրը: Հարգելիներս, 28 տարի առաջ հռչակվեցինք, որպես ազատ, անկախ պետություն: Վավերացրինք համազգային պայքարի արդյունքը: Անկախությունն անսակարկելի արժեք է, որի համար պայքարել և իրենց կյանքն են զոհաբերել մեր ժողովրդի բազում և լավագույն զավակները: Այսօր երախտագիտության զգացումով ենք հիշում բոլորին, խոնարհվում նրանց առաջ»,- նշեց նախագահը:

Անկախության տոնի առթիվ Ծնողական փառքի մեդալներով պարգևատրվեցին 8 և ավելի զավակ խնամած, դաստիարակած, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահոված ծնողները, որոնք ՀՀ վարչապետի կողմից նաև 1-ական մլն դրամ տրվեց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am