Հայաստանի բանկերն ուսանողներին ծանոթացնում են բանկային ծառայություններին

Armenpress 17:31, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մի շարք համալսարանների ուսանողներ Բանկերի միության և ՀՀ-ում գործող բանկերի կողմից կազմակերպված դասընթացի միջոցով ծանոթանում են այն ծառայություններին, որոնցից օգտվելու են բանկերի հետ շփվելիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը սեպտեմբերի 19-ին կազմակերպված առաջին դասընթացի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն կողմից մշտապես մեծ կարևորություն է տրվել բնակչության տարբեր շերտերի ֆինանսական գրագիտության բարձրացման հարցին:

«Այս տարի մենք ուսումնական տարվա սկզբի հետ միասին ծրագիր ենք մշակել` «Նոր ուսումնական տարին նոր գիտելիքներով» խորագրով, որի շրջանակում նախատեսում ենք մի շարք միջոցառումներ իրականացնել հասարակության տարբեր շերտերի համար: Որոշեցինք միջոցառումների շարքը սկսել ուսանողներից»,- ասաց Սարգսյանը:

Առաջին դասի բանախոս, «Ամերիաբանկ» ՓԲԸ անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը նշեց, որ դասընթացի թեմաների շրջանակը շատ լայն է:

«Տարբեր բանկեր են մասնակցելու, տարբեր թեմաներ ենք ընդգրկել, որոնց միջոցով ուսանողները պետք է ստանան այն հարցերի պատասխանները, որոնք ունեն: Պետք է կարողանան ավելի ճիշտ կողմնորոշվել բանկերի առաջարկների մեջ, ավելի ճիշտ կառավարել իրենց հաշիվները: Դասընթացը կնպաստի նաև բանկերի ընդհանուր համակարգի զարգացմանը»,- ասաց Դանիելյանը:

Դասընթացին մասնակցող ուսանողների ցանկը հաստատում է համալսարանը, սակայն բացօթյա դասընթացներին կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am