ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագծին

Armenpress 16:17, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախատեսում է մինչև տարեվերջ 2571 հարկ վճարողի հետ վերադարձնել ավելի քան 50 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները: Առաջարկվող փոփոխությամբ հետ կվերադարձվեն նաև հին դեբետային գումարները, հետվերադարձը կիրականացվի երեք ընթացակարգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Դեբետային մնացորդներն առաջացել են հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում մատակարարներին վճարված ԱԱՀ-ի կամ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի և պարտավորության բացասական տարբերությունից: «Գործող կարգով հարկ վճարողի դիմումի հիման վրա հետ են վերադարձվում 2017-ի հուլիսի 1-ից հետո առաջացած ԱԱՀ-ի դեբետները: Եվ կառավարության որոշմամբ հետվերադարձի ուսումնասիրման և հավաստիացման կարգ էր մշակվել, որով նախատեսված է պարզեցված ընթացակարգ` մինչ 20 մլն ԱԱՀ դեբետների համար: Ըստ էության այս օրինագծով մենք վերացնում ենք հին ու նոր դեբետների անջրպետը: Ասում ենք, որ ընդհանուր բոլոր ԱԱՀ-ի դեբետները ենթակա են հետվերադարձման հարկ վճարողներին` նրանց դիմումի հիման վրա»,-ասաց Անանյանը:

Հաշվի առնելով, որ ընդհանուր դեբետների գումարը կազմում է շուրջ 56 մլրդ դրամ, և մինչև 5 մլն դեբետային գումար ունեցողների թիվը գերազանցում է 2000-ը, պետությունը որոշում է կայացրել երեք ընթացակագով իրականացնել հետվերադարձը: Մինչև 5 մլն դեբետային գումար ունեցողներին վերադարձը կատարվելու է առանց դիմումի և առանց ուսումնասիրություն իրականացնելու, 5-40 մլն դեբետային գումար ունեցողների համար կիրառվելու է պարզեցված ընթացակարգ, իսկ 40 մլնից բարձրի համար կիրառվելու է ուսումնասիրություն և ստուգում: Անանյանը նկատեց` այսինքն այսօրվա գործող 20 մլնի շեմը բարձրացնում, դարձնում են 40 մլն դրամ: Սեպտեմբերի 8-ի դրությամբ շահառուների ընդհանուր թիվը 2835 հարկ վճարող է, որոնցից գործող են 2571-ը, մնացածը` ժամանակավորապես դադարեցված կարգավիճակ ունեն: 2571-ին բաժին է ընկնում 50 մլրդ 748 մլն դրամ:

«Այսինքն` մենք շուրջ 6 մլրդ չենք վերադարձնելու ամենայն հավանականությամբ մինչև տարվա վերջ: Մինչև տարվա վերջ պետք է հասցնենք 2571 հարկ վճարողներին հետ վերադարձենենք այդ 50 մլրդը, որն, ըստ էության, պետության կողմից ֆինանսական միջոցների սրսկում է տնտեսական միջավայր` պարտավորությունների հետվերադարձման միջոցով»,-ասաց Անանյանը:

ԱԺ հանձնաժողովը քննարկումներից հետո միաձայն դրական եզրակացություն տվեց ներկայացված նախագծին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am