Վճռական քայլեր՝ դեպի իրավական պետություն. Վլադիմիր Կարապետյանը խոսել է Ջհանգիրյանի արդարացման մասին

Armenpress 16:04, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի՝ մարտի 1-ի գործով Վճռաբեկ դատարանի արդարացմանը և ընդգծեց, որ կառավարությունը վճռական քայլեր է իրականացնում դեպի իրավական պետություն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: «Այդ արդարացումը պետք է շարունակաբար լինի: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել թե նախկին իշխանությունները, շատ մեղմ եմ ասում, թե «կից գործող» դատական համակարգը: Սա շատ լավ օրինակ կարող է հանդիսանալ այն մարդկանց համար, որոնք նախանձախնդիր են և պայքարելու են իրենց իրավունքները վերականգնելու համար: Դա նաև մեր պետության շահերից է բխում: Դուք շատ լավ հիշում եք, թե ինչպես է եղել այդ դեպքը. Գագիկ Ջհանգիրյանի և իր եղբոր մեքենան կանգնեցրեցին, ու 20 զինվորականներ գործողություն իրականացրեցին ձերբակալելով: Մեղադրանքը, որքան հիշում եմ, այն էր, որ Ջհանգիրյանը և այն ժամանակ իր հիվանդ եղբայրը դիմադրել են, ոստիկաններ են ծեծել: Այսինքն՝ ակնհայտ ապօրինություններ էին իրավապահների կողմից,ու ես շատ ուրախ եմ, որ պատմության այդ էջը քիչ-քիչ լուսաբանվում է և մի օր կփակվի արդար կերպով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարող է դիմել դատարան ու պահանջել արդարացնել իրեն, մամուլի խոսնակն ասաց, որ վարչապետն այս հարցում կարծես հետ քաշված է ու սպասում է, որ այլ օրինակներ լինեն, որպեսզի որևէ ճնշում չդիտարկվի կամ որևէ առաջնորդություն չդիտարկվի այլ մարդկանց համար: «Ինքը վերջում կամ ինչ-որ փուլի կմիանա: Կարծում եմ՝ անպայման արդարացումները պետք է լինեն»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

2019 թվականի հուլիսի 16-ին Գագիկ Ջհանգիրյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել շուրջ 10 տարի առաջ կայացված դատական ակտի դեմ, որով ինքը մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Ըստ դատավճռի՝ Ջհանգիրյանը 2008թ.-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել էր վարչության աշխատակցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, նաև պատռել մեկ այլ աշխատակցի համազգեստը: Սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am