Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ. ոստիկանապետի պաշտոնակատար

Armenpress 15:05, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել  ոստիկանության ղեկավար կազմի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին` Արման Սարգսյանը նշել է. «Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասողական մթնոլորտում ծառայենք` թուլացնելով աշխատանքային ռիթմը, ընդհակառակը` անհրաժեշտ է ձեռքբերումներն ամրապնդել, վերացնել առկա թերությունները, և հարկ է, որ կարճ ժամանակահատվածում հասարակությունը տեսնի նոր ոստիկանություն` ավելի գրագետ, ավելի արհեստավարժ, իրենց պարտականություններն ու իրավունքները հստակ գիտակցող ծառայողներով համալրված»:

Անդրադառնալով ծառայության արդյունավետության բարձրացմանը` ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը: Այս համատեքստում Արման Սարգսյանը խոսել է նաև կադրերի ընտրության հարցում անաչառ ու խստապահանջ մոտեցման, ինչպես և կոռուպցիոն երևույթների հանդեպ որդեգրած անհանդուրժողականության մասին:

Խորհրդկացության ընթացքում քննարկվել են օպերատիվ և արտաքին ծառայություներին վերաբերող այլ հարցեր ևս:«Ծառայում ենք ուշադիր, զգոն և ոչ ենք ասում անտարբերությանը: Ի գործ, հարգելի ծառայակից ընկերներ»,-ամփոփիչ խոսքում ընդգծեց ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը` մաղթելով բարի ծառայություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am