1000х90.jpg (78 KB)

Կապահովվի յուրաքանչյուր երեխայի սահուն անցումը դպրոցական համակարգ. Արայիկ Հարությունյան

Armenpress 13:00, 19 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը։

«Այն բաղկացած է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանն աջակցող ծառայությունների  մատուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացահայտման, տարբեր տիպի օժանդակող ծառայությունների, խորհրդատվության ու համապատասխան առանձնահատուկ պայմանների ապահովման գործողություններից։ Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր, այդ թվում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝  հավելելով, որ այս նախագիծն ընդգրկված է եղել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քննարկվելու են ծննդյան միանվագ նպաստի, խնամքի նպաստի չափաքանակները, ինչպես նաև նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների երկարօրյա խնամքի ապահովման հարցը, ինչը հատկապես կարևոր է աշխատող ծնողների համար: Նա նշեց, որ համապատասխան գերատեսչությունները մինչև տարեվերջ այս ուղղությամբ համակարգված փաթեթով առաջարկներ պետք է ներկայացնեն:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ քաղաքացիները բարձրացնում են մանկապարտեզներում հերթագրման հետ կապված հարցեր ևս:  «Ունենք համայնքներ, որտեղ մանկապարտեզներ չկան, և ծնողների համար մեծ դժվարություններ է առաջացնում երեխաներին այլ համայնքներ մանկապարտեզ տանելը»,- ասաց նա և նշեց, որ կան համայնքներ, որոնք իրենք են կարգավորում վճարի հետ կապված հարցերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am