Ոստիկանությունը ներկայացրել է Վալերիյ Օսիպյանի վարած խորհրդակցության մանրամասները

Armenpress 16:54, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել  խորհրդակցություն, որը վարել է Վալերիյ Օսիպյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա ամփոփել է պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի վետերաններին, հասարակական խորհրդի անդամներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար։

Վալերիյ Օսիպյանն առանձնահատուկ արտահայտել է իր գոհունակությունը ոստիկանության զորքերի նկատմամբ՝ փաստելով, որ հասարակական կարգ պահպանող ստորաբաժանման նաև սահմանապահ գործառույթ իրականացնելը համակարգի կարևորագույն նվաճումներից է։  Վալերիյ Օսիպյանը նշել է, որ այսուհետ էլ ոստիկանությունը վստահ շարունակելու է ձեռքբերումների ճանապարհը և հարկ եղած դեպքում ինքն իր փորձով ու գիտելիքներով պատրաստ է աջակցել համակարգին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am