Ովքեր են իսկապես գիտությամբ զբաղվում. ԲՈԿ նախագահը ներկայացնում է նոր գործարկվող համակարգը

Armenpress 13:09, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Բարձրագույն որակավորման կոմիտե մուտքագրվել է 188 որակավորման գործ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել է: 2018 թվականի նույն ժամանակահատվածում մուտքագրվել էր 286 որակավորման գործ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը նշեց, որ արդյունքում ունեն ավելի շատ ժամանակ եղած աշխատանքներն ուսումնասիրելու համար:

«Ինչպես տեսաք, 98-ով պակասել է գործերի քանակը: Սա բացատրվում է ոչ այնպես, որ անորակ կադրերը փորձում են հեռու մնալ, այլ հասկանալով, որ խնդիրներ են ունենալու համակարգի հետ, շատերն առայժմ փորձում են լավացնել իրենց ատենախոսությունները: Ովքեր ունեն արտագրություններ, վերանայում են: Դա նշանակում է, որ այս տարի չներկայացված աշխատանքները մեզ կարող են հասնել հաջորդ տարի»,-ասաց Սմբատ Գոգյանը: Նա ավելացրեց, որ ԲՈԿ-ը դրան պատրաստ է՝ դիմակայելու է համակարգային կերպով: Մասնավորապես, մշակվել է գիտական հարթակ, որը մոտավորապես մեկ ամսից կգործարկվի: Այն ենթադրում է ասպիրանտների ամբողջ գիտական գործունեության լուսաբանում:

«Դա թույլ կտա խուսափել այնպիսի դեպքերից, երբ մարդիկ, գիտության հետ չառնչվելով, միանգամից գալիս են ու ստանում գիտական աստիճան: Նոր հարթակի գործարկմամբ արդեն նրանք ստիպված կլինեն իրենց գիտական գործունեության ամեն մի քայլը ներկայացնել, լուսաբանել: Դա նշանակում է, որ չեն կարող ձեռքի հետ, ոչ մի բան չանելու արդյունքում ստանալ գիտական աստիճան»,-ասաց ԲՈԿ նախագահը: Նա նշեց, որ նոր հարթակը բերելու է լիակատար թափանցիկություն համակարգի գործունեության մեջ: Օրինակ, ԲՈԿ-ն օրեր առաջ ետ էր ուղարկել մի աշխատանք, որը 2013 թվականի նույն թեմայի վերաբերյալ աշխատանք էր, և դրան ընդհանրապես հղում չէր կատարվել:

«Ստացվում է, մեր փոքր երկրում նույն թեմայով հետազոտություն են կատարում, և մեկը մյուսից տեղյակ չի լինում: Դա կբացառենք, և համակարգը թույլ կտա տեսնել, թե իսկապես ովքեր են գիտությամբ զբաղվում: Հնարավորություն կունենանք ատենախոսությունների պաշտպանությունը հեռարձակել բաց կամ փակ ֆորմատով, ինչը թույլ կտա նաև Սփյուռքից մեր արտագաղթած լավ գիտնականներին ներգրավել մասնագիտական խորհուրդների կազմում, ինչը թույլ կտա խուսափել փակ ցիկլից»,-ավելացրեց ԲՈԿ նախագահը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am