ՄԻՊ-ն արձագանքել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենին

Armenpress 20:21, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարությամբ արձագանքել է սեպտեմբերի 16-ին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանը մասնագիտական քննարկման ընթացքում հայտարարություններ է անում: «Տեսանյութում ակնհայտորեն ներկայացվում են երեխաների նկատմամբ բռնության փաստեր: Ավելին, տնօրենը, ըստ էության, ուսուցիչներին բռնության և երեխաների դաստիարակման իր օրինակին հետևելու կոչ է անում»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նշված է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարել երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։  «Յուրաքանչյուր երեխա պետք է պաշտպանված լինի ցանկացած ֆիզիկական, հոգեբանական կամ այլ ճնշումից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են երեխայի իրավունքները կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը: Անթույլատրելի է նաև ցանկացած տեսակի այդպիսի պատիժ երեխայի նկատմամբ։ Սրանք երեխաների հիմնարար իրավունքներից են, որոնք նույն կերպ վերաբերում են նաև ուսումնական հաստատությունում սովորող երեխաներին։ ՀՀ օրենսդրությամբ այս գործողություններն արգելված են և առաջացնում են պատասխանատվություն։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությունն այն մասին, որ նախարարությունը «...բացատրություն է պահանջելու տիկին Դավթյանից, որը ստանալուց հետո կձեռնարկվեն բացատրությունից և դրա քննարկումից բխող միջոցներ»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ուշադրության կենտրոնում կպահի այս խնդիրը և կոչ է անում բոլորին զերծ մնալ այնպիսի արտահայտություններ կամ գործողություններ անելուց, որոնք խախտում են երեխայի իրավունքները և չեն բխում երեխայի լավագույն շահից»,- ասվում է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am