ԱՄԷ համալսարանի դոկտորը ԵՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ էմիրաթական ինքնության վերաբերյալ

Armenpress 17:22, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության նախաձեռնությամբ «Հանդուրժողականության տարվա» շրջանակներում ԱՄԷ համալսարանի դոկտոր Համադ բին Սարայը Երևանի պետական համալսարանում հանդես եկավ «Էմիրաթական ինքնությունը. պատմական և սոցիալական արմատները» խորագրով դասախոսությամբ։

Դասախոսությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին, ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Համադ բին Սարայն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք շատ մեծ ուշադրություն են դարձնում հատկապես պատմական արմատներով կապեր ունեցող ազգերի հետ բարեկամական հարաբերություններ ստեղծելուն:

«Հայ ժողովուրդը մոտ է ծոցի երկրներին, և իմ այցի նպատակն է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև մշակութային կապ ստեղծել՝ այս համալսարանում սովորող ուսանողների միջոցով»,- ասաց ԱՄԷ համալսարանի դոկտորը:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը մինչ Սարայի դասախոսության սկսելը նշեց, որ իրենց ֆակուլտետն ու արաբագիտության ամբիոնը յուրահատուկ կամուրջ են Հայաստանի Հանրապետության և արաբական աշխարհի ու մշակույթի միջև:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ մեր ուսանողները հնարավորություն ունեն լսել ոչ միայն հայ մասնագետների կողմից դասախոսություններ, այլև մեր արաբ գործընկերների»,- ասաց Մելքոնյանը:

Դասախոսության ընթացքում ԱՄԷ համալսարանի դոկտորը ներկայացրեց էմիրաթական ինքնությունը, պատմությունն ու մշակույթը: Անդրադարձ կատարվեց Էմիրությունների աշխարհագրական դիրքին, թե Պարսից ծոցի ափին գտնվելով ինչպիսի կապեր է հնարավոր լինում հաստատել Արևմուտքի հետ:  

Համադ բին Սարայը պատմեց նաև էմիրաթցիների արմատների մասին, թե ինչպես են ծագել և ինչ է ենթադրում ինքնություն ասելով:

«Ինքնությունը մեր կրոնն է, մեր լեզուն ու արաբ լինելու հանգամանքը:  Ես այսօր եկել եմ այստեղ արաբական ազգային զգեստով, քանի որ սա օրինակ է ԱՄԷ-ի ինքնության պահպանման»,- նշեց Սարայը:

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը Արաբական Միացյալ Էմիրությունների համալսարանի դոկտոր Համադ բին Սարային նվիրեց իրենց երկրի գոբելենագործ զինանշանը:

Մելքոնյանը և Սարային միասին ամրացրին այն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Արաբական Էմիրությունների լսարանի պատին:  

«Արաբական Էմիրությունների լսարանը վերանորոգվել և վերազինվել է ԱՄԷ-ի դեսպանության կողմից: Մեր ուսանողներն ամեն օր օգտվում են այս լսարանից և սովորում արաբերեն: Այստեղ կա ԱՄԷ մի քանի  խորհրդանիշ և մեր ուսանողները գոբելեն են գործել, որը ցանկանում եմ նվիրել ձեզ»,- նշեց Մելքոնյանը:

ԱՄԷ համալսարանի դոկտորն ասաց, որ այդ նվերն իրեն կստիպի մշտապես վերադառնալ Հայաստան և ԵՊՀ:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am