Սեպտեմբերի 9-16-ն Ադրբեջանը հրադադարը խախտել է 167 անգամ

Armenpress 17:17, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի  9-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում 167 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը, ադրբեջանական հենակետերից տարբեր տրա­մաչափի հրաձգային զենքերից` այդ թվում խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից 55 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Բերդավան, Բարեկամավան, Այգեպար, Մովսես, Այգեձոր, Գեղարքունիքի մարզի Վահան, Արարատի մարզի Երասխ, Պարույր Սևակ, Զանգակատուն, Վայոց Ձորի մարզի Չիվա, Արենի, Խնձորուտ բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից 112 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ  Մարտակերտի, Շահումյանի, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների մար­տա­կան դիրքերը:

Հայկական զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին, համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաս­տա­նյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետու­թյուն­ների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: Լեռնային Ղարաբաղը բնակչությունը, որի 95 %-ը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը և Լեռնային Ղարաբաղը հռչակեցին անկախ վարչա­քա­ղաքական միավոր, ընտրվեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողու­թյուն­ների: 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնու­թյուններ և ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց և տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղկոմը իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները` Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջև­անը, ճանաչեց որպես Հայաստանի անբաժանելի մաս:

Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ անբաժանանելի մաս:

Անտեսելով իրողությունը, 1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նույնպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է պատմական հայկական Արցախը (Ղարաբաղը) Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Հակամարտությունը սրվեց 1988-ին, որին հաջորդեցին Սումգաիթի, Բաքվի, Գյանջայի տեղի հայ ազգի բնակչության զանգվածային ջարդերը, Արցախի հայ բնակչության դաժան ճնշումներն և արցախահայության ինքնորոշման իրավունքի ոտնահարումները:

1991-1994 թվականների Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործո­ղութ­յունների արդյունքում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքի մեծ մասը ազատագրվեց և անցավ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ԶՈՒ վերահսկողության տակ:

Մինչև օրս Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվում Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների տարածքների մի մասը, ինչպես նաև Արծվաշեն էքսկլավը:

1994 թվականի մայիսի 5-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսի, Հայաստանի Գերագույն խոր­հրդի և Արցախի ներկայացուցիչների միջև ստորագրվեց Բիշքեկյան արձանա­գ­րությունը` 1994 թվականի մայիսի 9-ից կրակը դադարեցնելու վերաբերյալ, որը ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին: Այն պարբերաբար խախտվում է Ադրբեջանի կող­մից:

Ներկայումս բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համանախագահությամբ հակամարտությունը  խաղաղ կարգավորելու վերաբերյալ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am