1000х90.jpg (78 KB)

Պահուստների ընթացիկ մակարդակը 2013 թվականից մինչեւ օրս երբեք ավելի բարձր չի եղել. ՀՀ վարչապետ

Armenpress 14:23, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  2019 թվականի օգոստոս ամսվա վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  նշեց, որ աճն ապահովող գործոններից առանձնանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից շուրջ 351 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթի առքը, ինչը ներքին շուկայում արտարժույթի ավելցուկի արդյունք է։

«Պահուստների ընթացիկ մակարդակը 2013 թվականից մինչեւ օրս երբեք ավելի բարձր չի եղել: Միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք: 2013 թվականի ցուցանիշը կապված է եվրաբոնդերի թողարկման հետ, երբ մենք մեծ քանակությամբ արժույթ ենք բերել և մեր պահուստում արձանագրել ենք: Հիմա, երբ եվրաբոնդերի նոր թողարկումը կիրականացնենք, մենք այդ պահից կունենանք Հայաստանի միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը նաև դե յուրե, իսկ այս պահին դե ֆակտո երբեք Հայաստանի միջազգային պահուստներն ավելին չեն եղել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

2018-2019 թվականների ընթացքում հարկային վարչարարության բարելավման հետևանքով արդեն իսկ զգալի կրճատվում են ստվերային  տնտեսության չափերը։ Վարչապետի խոսքով, հարկեր-ՀՆԱ  ցուցանիշի աճը վերջինիս լավագույն մոտարկող գնահատականներից մեկն է, որը 2019 թվականին սպասվում է, որ կավելանա 1.3-1.5 տոկոսային կետով՝ հասնելով 22.3-22.5 տոկոսի:

«Նույնիսկ զտելով այս տարվա հարկերի հավաքագրման յուրահատուկ գործոնները, օրինակ՝ հարկային դրույքների փոփոխությունը, ավտոմեքենաների աննախադեպ ներմուծումը և այլ նման գործոններ, կարելի է պարզ ձևով մոտարկել, որ 2019 թվականի ընթացքում մենք կունենանք ՀՆԱ-ում ստվերային տնտեսության ավելի քան 3 տոկոսային կետով կրճատում։ Հենց սա է մեզ հնարավորություններ բացում վերադարձնել նախկին պարտքերը, ավելացնել կապիտալ ներդրումները և գնալ աշխատավարձերի ու թոշակների աստիճանական բարձրացման ճանապարհով»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am