Զբոսաշրջության ոլորտը տպավորիչ արդյունք է գրանցել. վարչապետը ներկայացնում է մանրամասները

Armenpress 13:46, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը մի շարք երկրներից 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տպավորիչ աճ է ունեցել: Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով, Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով, Նիդերլանդներից՝ 34.9, Շվեյցարիայից՝ 30, ԱՄԷ-ից՝ 29.7 տոկոս, Հունաստանից՝ 29, Իտալիայից՝ 24.4, Մեծ Բրիտանիայից՝ 22.9, Ճապոնիայից՝ 22.2, ՌԴ-ից՝ 19, Շվեդիայից՝ 19, ԱՄՆ-ից՝ 15, Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով:

«Ընդհանուր առմամբ, 2019-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: Կենտրոնական բանկի հաշվարկներով, այս տարի, արդեն օգոստոսն էլ ներառյալ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են ավելի քանի 200 մլն դոլար ավելի գումար, քան նախորդ տարի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

2019 թվականի հունվար- հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների թվի հավելաճը կազմել է 60 տոկոս: Մասնավորապես, եթե 2018 թվականի հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորվել էր Հայաստան ժամանողների շուրջ 20 տոկոսը, ապա 2019 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 29 տոկոս:

«Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ զբոսաշրջության ոլորտում առկա է որոշակի որակական աճ, ինչն էլ բերում է հավելյալ արտարժութային մուտքերի: Կացության կազմակերպմամբ զբաղվող տնտեսավարողների վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 38 տոկոսով՝ շուրջ 1 մլրդ դրամով»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ զբոսաշրջային կազմակերպությունների վճարած հարկերը ավելացել են 53 տոկոսով կամ 400 մլն դրամով: Նիկոլ Փաշինյանի խոսքով, սրանք պարզապես վիճակագրական տվյալներ չեն, այլ տնտեսական ցուցանիշ է՝ արտահայտված կոնկրետ դրամներով, չափերով:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am