ՍԱՏՄ-ն շարունակում է խրախուսել և աջակցել միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողներին

Armenpress 12:10, 16 Սեպտեմբեր, 2019

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային մորթի նորմի պարտադիր պահանջը, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անում է հնարավորը գործընթացն անցնցում կազմակերպելու համար:

Որպես 100 տոկոսով սպանդանոցային միս և մսեղիք սպառող հանրային սննդի օբյեկտ, Տեսչական մարմնի կողմից համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր է տրամադրվել «Արտ Լանչ» ապրանքանիշի հիմնադիր «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ին:

Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. այն փաստում է, որ այդ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչի կողմից ստուգված է և այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում:

ՍԱՏՄ snund.am կայքում նաև բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս և մսեղիք:

Իրացման ցանցում և հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am