Առաջին ընթերցմամբ ընդունվեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը

Armenpress 12:08, 16 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:

Օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Առաջարկվող նախագծով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը: Նախագծով պատիժ է սահմանվում նաև կենդանիների մարտերի կազմակերպման ու իրականացման, անտուն կենդանիների այնպիսի հավաքի համար, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը և այլ դաժան վերաբերմունքը:

Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առանձին դաժանությամբ մանկահասակի ներկայությամբ 2 և ավելի կենդանիների ներկայությամբ, պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am