Վերին Ճամբարակցիները հանդիսավորությամբ նշեցին իրենց գյուղի հիմնադրման 1000- րդ տարեդարձը  

Armenpress 10:46, 16 Սեպտեմբեր, 2019

ԳԱՎԱՌ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի բնակիչները  տոնական տրամադրությամբ նշեցին իրենց գյուղի հիմնադրման 1000–րդ տարեդարձը:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառման հիմնական վայր էր ընտրվել կենտրոնական հրապարակին հարող հուշահամալիրը, ուր հիշատակվում են 1992-1994 թվականների ինքնապաշտպանական մարտերում ու Արցախյան պատերազմում զոհված ճամբարակցիները:

Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարՎազգեն Ադամյանը, ՀՀ Աժ պատգամավորներ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ բանակային ստորաբաժանումների ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, Ճամբարակ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ: Միջոցառումը սկսելուց առաջ ճամբարակցիները եւ հյուրերը, շրջելով  տաղավարներով, համտեսեցին ազգային խոհանոցի ուտեստները:

Բացելով տոնական միջոցառումը` համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը նշեց, որ, ըստ կիսավեր եկեղեցում պահպանված խաչքարի արձանագրության, Վերին Ճամբարակը հիմնադրվել է 1019 թվականին՝ ուղիղ հազար տարի մեզանից առաջ:  

«Ճամբարակը համարվում է Հայաստանի արեւելյան սահմանի  դարպաս, որը պաշտպանիչ վահանի դեր է կատարում: Ճամբարակցին հպարտ է զգում իրեն՝ լինելով զավակը մի հողի, որի մարդիկ այստեղ հաստատվելուց դարեր անց աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ: Այստեղ  ծնվածները դարձել են հայտնի գիտնականներ, մանկավարժներ, զինվորական ու հասարակական գործիչներ:  Ճամբարակն այսօր իսկական վահանի դեր է տանում ոչ միայն ռազմավարական դիրքի, այլ նաեւ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու առումով: Հայոց բանակի շարքերում այսօր ծառայում են ավելի քան 25 ժամկետային, 70 պայմանագրային

զինծառայողներ»,-նշեց համայնքի ղեկավարը:Շատ խորհրդանշական է, երբ սահմանին անմիջապես կանգնած Վերին Ճամբարակը հպարտորեն իր հազարամյակն է տոնում: Այս միջոցառմամբ մենք ուզում ենք փաստել աշխարհին ու մեր անբարյացակամ հարեւաններին, որ մենք ենք հազարամյակներով եղել տերն այս հողի ու հայրենիքի, կերտել պատմություն ու թողել հոգեւոր ու մշակութային հարուստ ժառանգություն: Սահմանին ամուր կանգնած ճամբարակցիներին ես առաջին հերթին մաղթում եմ խաղաղ ու ապահով հայրենիք, բարեկեցիկ կյանք, ինչի ուղղությամբ քայլեր է ձեռնարկում հայրենի կառավարությունը: Այս տարի Ճամբարակում կառավարության կողմից իրականացվում է 11 սուբվենցիոն ծրագիր, ինչի արդյունքում կբարելավվի մարդկանց կյանքն այս սահմանամերձ համայնքում: Մեր հետագա քայլերը եւս ուղղված կլինեն մեր սահմանների ամրացմանը, անվտանգության ապահովմանը, բարեկեցության հաստատմանը»,-իր ողջույնի խոսքում հավաստիացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 

Ապա  այցելություն կատարվեց կիսավեր եկեղեցի, որտեղ, հազարամյա պատմության իրեղեն վկա խաչքարի մոտ, պատարագ մատուցեց Ճամբարակի հոգեւոր հովիվ Տեր Երեմիա Սարգսյանը: Օրը հագեցած էր նաեւ համայնքում մեկնարկված մարզական փառատոնի յոթ մարզաձեւերից անցկացվող մրցապայքարով:

Ելույթ ունեցավ նաեւ Ճամբարակի  տիկնիկային թատրոնը:

Հանդիսությունների սրահում  հյուրասիրության սեղան էր բացվել, որտեղ բնակիչները եւ հյուրերը տոնական սեղանների շուրջ մեկը մյուսին շնորհավորանքի խոսքեր էին ասում: Տոնական մթնոլորտը շարունակվեց մինչեւ ուշ երեկո եւ ամփոփվեց հրավառությամբ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am