Երևանում անցկացվում է ակցիա Ամուլսարի հարցով

Armenpress 16:43, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվում է ակցիա Ամուլսարի հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկողները մայրաքաղաքում միաժամանակ մի քանի ուղղություններով իրականացնելու են քայլերթ: Ջերմուկից ավտոշարասյունով մասնակիցների մի մասն արդեն հասել է Երևան՝ քայլերթին միանալու նպատակով:

Երթը մեկնարկելու է 18:30-ին Երևանի մի քանի փողոցներից և եզրափակվելու է Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը: Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, ԷԼԱՐԴ ընկերության կողմից  իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկմանը, տեսչական ստուգումներին վերաբերող և այլ հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am