Մենք ճանապարհային ցուցանակներ ենք տեղադրում, մարդիկ դրանք տանում ձյուն են մաքրում. Պապիկյան

Armenpress 15:47, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհաշինության կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելիս շատ մեծ նշանակություն ունի ցուցանակների, ճանապարհային նշանների, գծանշանների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, որը ոչ միայն մեզ համար, այլև տուրիզմի զարգացման առումով կարեւոր է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ այդ հարցում խնդիր կա: «Մենք տեղադրում ենք ցուցանակները, խնդիրը լուծում ենք, բայց մեր անբարեխիղճ քաղաքացիները դրանք օգտագործում են այլ նպատակներով՝ ձյուն մաքրելու համար կամ որպես թոնրի կափարիչ: Ոստիկանությունը պետք է հետևողական լինի այս հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ լինում են դեպքեր, երբ տեսնում ես, որ ցուցանակները որպես թիրախ են օգտագործում և կրակում են վրան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am