1000х90.jpg (78 KB)

Ջրվեժ համայնքը նոր մանկապարտեզ կունենա

Armenpress 15:26, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է կայացրել փոփոխություն կատարել Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմանների նկարագրում և պետական սեփականություն հանդիսացող հողամասն անհատույց սեփականության իրավունքով հատկացնել համայնքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Բազմիցս նշել եմ, որ Կոտայքի մարզի բոլոր համայնքներում բարեկեցիկ և մեր փոքրիկների համար հարմարավետ մանկապարտեզներ ունենալը մեզ համար առաջնահերթություն է: Ջրվեժ համայնքը մանկապարտեզ չունի, և այս բացը լրացնելու համար ամենօրյա աշխատանքներ են տարվել»,- նշել է Պետրոսյանը և հավելել, որ Ջրվեժ համայնքը նոր մանկապարտեզ կունենա:

Կոտայքի մարզպետը գրել է, որ ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 21-ի թիվ 1265-Ն որոշման մեջ պատմամշակութային արժեք չներկայացնող այս հողատարածքը սխալմամբ չի փոխանցվել համայնքին, բայց 2,01378 հա հատուկ պահպանվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվել է բնակավայրի նշանակության, սակայն շարունակել է մնալ որպես պետական սեփականություն: Այդ որոշմամբ տվյալ տարածքը ետ է վերադարձվում համայնքին` որպես համայնքային սեփականություն:

Պետրոսյանի խոսքով՝ նշված տարածքը, համայնքային սեփականություն դառնալուց հետո, շուրջ 90 մլն 500 հազար դրամի մուտք կապահովի համայնքի բյուջե, որը նախատեսվում է ներդնել նոր կառուցվող մանկապարտեզի շենքի շինարարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am