ԱԺ-ն ընդունեց ազատազրկվածներին տեսակցողների համար վարակվելու հնարավորությունը բացառող օրինագիծը

Armenpress 11:45, 12 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հիվանդություններով տառապող ազատազրկվածներին տեսակցող անձանց համար Քրեակատարողական հիմնարկներում վարակվելու հնարավորությունը բացառող պայմաններ ստեղծելուն միտված օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց միաձայն:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Մեր գործընկեր փաստաբաններն, ովքեր անընդհատ շփվում են ձերբակալված և կալանավորված անձանց հետ, և քրեակատարողական հիմնարկներում հանդիպումներ են ունենում, բողոքում են առ այն, որ նրանց համար հատուկ պայմաններ չեն սահմանվում հիվանդությամբ տառապող անձանց տեսակցելիս: Դա առաջացնում է լուրջ հետևանքներ և հնարավորություն, որ տեսակցող անձինք նաև կարող են առանձին հիվանդություններով վարակվել: Օրենսդրական նախաձեռնությունը հատուկ պահանջ է դնում պատկան մարմինների առջև, որ հատուկ պայմաններ սահմանվեն, որոնք կբացառեն հնարավոր վարակումները»,- նախագծի քննարկման ժամանակ նշել է խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am